2018թ․-ի նոյեմբերի 4-6-ը տեղի ունեցավ «ԶԼՄ ներկայացուցիչների կարողությունների զարգացում և հզորացում հանրային խոսքի, մոնիթորինգի և հաշվետվողականության ոլորտներում» դասընթացը։
Դասընթացի առաջին օրը «Փինկ Արմենիա» ՀԿ-ի ներկայացուցիչ, լրագրող Հովհաննես Իշխանյանը ներկայացրեց «ԼԳԲՏ խնդիրների պատշաճ և անաչառ լուսաբանում» թեման, որի ընթացքում խոսեց լրագրողական էթիկայից, ԼԳԲՏ թեմաներում կիրառվող ճիշտ և սխալ տերմինաբանությունից, ատելության խոսքից և հայաստանյան մեդիայում դրա տարածումից։
Օրը շարունակեց «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի նախագահ Սերգեյ Գաբրիելյանը, որը ներկայացրեց ծրագրային մոնիթորինգ անելու և զեկույցներ գրելու հմտություններ թեման։
Երկրորդ օրը իր դասընթացաշարը մեկնարկեց խոսքի մշակույթի մասնագետ, դասընթացավար Հմայակ Ավետիսյանը։ Նա ներկայացրեց «Ապահով տարածք խոցելի խմբերի համար», «ՀԿ-երի հետ աշխատանքը։ Հնարավորություններ և մարտահրավերներ», «Ռազմավարական պլանավորում։ Որոշումների կայացում» թեմաները, որոնց ընթացքում մասնակիցները սովորեցին, թե ինչ է բռնությունը և ինչ տեսակների է լինում, ինչպես ձևավորել ապահով տարածք բռնության ենթարկված խմբերի համար, որոշումների ընդունման ինչ ձևեր կան, ինչպես աշխատել ՀԿ-երի հետ՝ ավելի արդյունավետ գործելու համար։
Դասընթացը հագեցած էր ակտիվ հարցուպատասխանով, ինտերակտիվ վարժանքներով, տեսանյութերի և սահիկաշարի դիտումով:
Դասընթացն իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Կարողությունների զարգացում և հզորացում՝ հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ: